Սա սահմանադրական իրավունք է և ԱԺ կանոնակարգով ընդդիմությունն իր համամասնությամբ ունի ԱԺ ղեկավարություն կազմելու մեջ իր համապատասխան քվոտաները, և մենք օգտվում ենք այդ մեր իրավունքից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է իր թեկնածությունը։
«Այնպես որ քաղաքական պատասխանատվությունը նաև քաղաքական մեծամասնությանն է՝ հարգելու, ընդունելու սահմանադրությամբ ամրագրված պարտականությունը»,–ասաց նա։
«Քանի որ Հայաստանում այսօր մարդու իրավունքների հենց քաղաքական կոնտեքստն է ամենաթիրախավորվածը, ամենախոցելին, միգուցե, իմ ելույթում շեշտադրումը ավելի շատ այնտեղ էր, բայց ընտրվելու պարագայում, միանշանակ է, որ մարդու իրավունքների ամբողջ փաթեթը, որտեղ թե ընտանեկան բռնությունը, և ամենակարևորը մեր հասարակությունում այսօր տիրող անթույլատրելի բռնության սահմանները, անհանդուրժողականությունը պիտի դառնա հանրային տագնապներից մեկը»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ իր կուսակցականացված կերպարը չի համապատասխանում այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնին, Գալստյանը նշեց, որ հպարտ է ՀՅԴ–ական իր անցյալով ու ներկայով. «Բայց իմ կուսակցականությունը երբեք չի խանգարել ինձ, թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հարթակներում պաշտպանելու հենց մարդու իրավունքները և ԵԱՀԿ-ում ես արդեն երկրորդ շրջանը մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի անդամ եմ»։
Հարցին՝ իր կանխատեսմամբ կընտրվի՞ հանձնաժողովի նախագահի պաշտոնում, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Անկեղծորեն չեմ կարող ասել, կանխատեսելի չի, տեսնենք ինչ կլինի։ Բայց մի բան ինձ համար ավելի քան հստակ է, կընտրվեմ, թե ոչ, ես շարունակելու եմ աշխատել ճիշտ այն կերպ, այն մոտեցումներով և այն արժեհամակարգով, որ մինչև հիմա ունեցել եմ, ժամանակը թող ցույց տա»։
Ինչ վերաբերում է հարցին, թե կհամագործակցի՞ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ՝ աշվի առնելով, որ նա վերջերս շատ է անդրադառնում ընտանեկան բռնության դեպքերին, Լիլիթ Գալստյանն արձագանքեց, որ չի բացառում դա. «Եթե առողջ լուծումներ, առողջ գնահատականներ կան և լուծման ճանապարհներից շահելու է մեր պետությունը և հասարակությունը, ես կողմ եմ։ Ես երկխոսության կողմնակից մարդ եմ և գերադասում եմ խնդիրները լուծել, քան թե առճակատումը»։